Մեր տեղեկություններով` իշխանությունները տեղերում, Գագիկ Ծառուկյանի և Վարդան Մինասիչի մոբիլիզացիոն գործընթացներին ընդառաջ, ամրակայում են մարզերը` ընտրությունների ժամանակ «աչքի սուրմա թռցնող», հարյուրտոկոսանոց արդյունքներ ապահովող «կադրային» բանկով: Սուրեն Խաչատրյանի և Վայոց ձորի նոր մարզպետների նշանակմամբ «ամուր» փակվեց հայաստանյայց հարավային դուռը: Իսկ օրերս Արագածոտնի, առավել ստույգ` Մալաթիա-Սեբաստիայից մինչև Լոռվա մարզ «նայող» դարձավ ոչ անհայտ «շաքարի արքա» Սամվել Ալեքսանյանը, որին Սերժ Սարգսյանն օրերս ևս մեկ անգամ «ադաբրյամս» արեց, ասելով` հո հարյուր հոգի շաքար չե՞ն ներկրելու:
Բանն այն է, որ 2016-ից սկսած Ալեքսանյանը և այլք շատ մեծ «գործ» ունեն անելու Հայոց աշխարհում. պետք է սահմանադրական բարեփոխումները հորով-մորով անեն, 2017-ին Ազգային ժողովը, ԲՀԿ-ի քթի տակով անցկացնելով, հասցնեն Մելիք-Ադամյան փողոց, 2018-ին էլ ընտրեն «անգլիական թագուհի»` ըստ նոր Սահմանադրության նախատեսած կարգի:
Այսպիսով, իշխանությունները ոչ միայն ցույց են տալիս, թե որտեղ են ձմեռում խեցգետինները եզդիներով և քրդերով բնակեցված Արագածոտնի մարզում (հիշենք, որ Սամվել Ալեքսանյանը բիզնես ունի Իրաքի քրդաբնակ, նավթով հարուստ Քիրկուկի կողմերում, սակայն «դժվար» թե իրաքաբնակների ձայնն էլ «օգտագործի» ընտրություններում, չնայած անհայտ են նրա «գործերը»)` մարզն ամբողջովին ու անմնացորդ պահելով իրենց վերահսկողության տակ:
Ոչ ուղղորդված և, այնուհանդերձ, տեսանելի ցույց են տալիս նաև, որ առանձնապես շատ չեն վստահում Աղվան Հովսեփյանին` երեք համահայկական ընտրությունները լիարժեքելու հարցում։ Եվ չնայած Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի հետ սիրում է անվերջ «բազմել» Դուբայի ավազների վրա, սակայն շատերն են պնդում` հենց իշխանություններն ու Սերժ Սարգսյանն են նրան գործուղում այնտեղ` «ավազահանքի գեներալներ» Ծառուկյանի, Կարապետյանների մոտ, որպեսզի վերջիններս անկանխատեսելի շատ խաղեր չտան Դուբայի ափին` իրենց կոնֆիդենցիալ հավաքներում:
Եվ վերջապես, «Նիգ-Ապարանի» կողմերը ոչ անհայտ օլիգարխի տարհանումը երկուստեք ձեռնտու գործարք է ինքնին` Ապարանն ու Երևանի «հարավային դարպասը» «լիմինդրապատվում» են ամբողջովին. Մալաթիա-Սեբաստիայում արդեն «նաչալնիկ» է Ալեքսանյանի եղբոր որդին, Ալեքսանյանն այս անգամ պատգամավոր կառաջադրվի Ապարանում, իր տեղը Մալաթիա-Սեբաստիա համայնքում զիջելով քրոջ որդուն, ով այս պահին Երևանի ավագանու անդամ է:
Դե, իսկ Կորյուն Նահապետյանն էլ կա ու կա` որպես ԱԺ ուժային սեկտորի ներկայացուցիչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ